top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Էքզոկալցիտ․ Մոզրովի կապույտ առեղծվածը», Հեղինակ՝ Անի Մարդոյան



«Հարգելի՛ դոկտոր Եվա Զորթյան,

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի անունից պատիվ ունենք հրավիրելու Ձեզ՝ որպես միջազգային ճանաչում ունեցող հետդոկտորական գիտաշխատողի, մասնակցելու բացառիկ հետազոտական ծրագրի, որի առարկան է Հայաստանի Վայոց Ձորի քարանձավներից մեկի՝ Մոզրովի անոմալ ակտիվության ուսումնասիրությունը։ 

Ձեր հետազոտության առարկան է լինելու քարանձավում ընթացող երևույթների և պրոցեսների ուսումնասիրությունը, ներառյալ՝ հնարավոր միկրոկենսաբանական ակտիվությունը, բնական և արհեստածին փոփոխությունների գնահատումը, ինչպես նաև տվյալ միջավայրի ֆիզիկական և քիմիական պայմանների վերլուծությունը: Հետազոտության նպատակն է պարզել  քարանձավում տեղի ունեցող ոչ տիպիկ երևույթների բնույթը և դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի բնապահպանական, միկրոկենսաբանական և ֆիզիկական պայմանների վրա:

Ծրագիրը նախատեսված է 2024 թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ: Այս ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինեն ԳԱԱ-ի լաբորատորիաները, ներառյալ՝ միկրոսկոպիկ և մոլեկուլային վերլուծության սարքավորումներ, էլեկտրոնային սենսորներ, նմուշառման սարքավորումներ, ինչպես նաև տվյալների մշակումն ապահովող հատուկ ծրագրային համակարգեր: Հաշվի առնելով հետազոտության բնույթը, Ձեզ հնարավորություն է ընձեռվում թիմում ընդգրկել ևս երկու մասնագետի, որոնց փորձառությունը համահունչ է այս առաքելությանը:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև սույն թվականի մայիսի 1-ը, որպեսզի կարողանանք նախապատրաստել բոլոր անհրաժեշտ միջոցները Ձեր արդյունավետ աշխատանքի համար:

Հարգանքով, 

Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա»:


______ Մաս 1. Եվա, Լեա, Բյորն ______

 

Չնայած հոր կողմից հայկական արմատներին՝ սա Եվայի առաջին ուղևորությունն էր Հայաստան: Այցն ավելի շատ պայմանավորված էր մասնագիտական հետաքրքրասիրությամբ, քան անձնական մղմամբ, կամ, ինչպես հայրն էր ասում՝ «հայրենի հողի կանչով»: Եվան իր պրագմատիկ խառնվածքով այդպես էլ անհաղորդ մնաց այդ կանչին և մեկնեց Հայաստան ՀՀ ԳԱԱ-ից հրավեր ստանալուց հետո միայն:


Զորթյանը բջջային կենսաբան էր․ իր կյանքի 35 տարիներից 14-ը ուսանել էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ու, չնայած որ անվան կողքին արդեն երկու տարի է, ինչ թմփլիկ PhD էր ավելացրել, իսկ հիմա էլ հետդոկտորական ուսուցումն էր շարունակում ու կարծես թե մոտ էր ուսման ֆորմալ ավարտին, Եվան իրեն հավերժ ուսանող էր զգում:

Զորթյանը վերջին տարիներին պարբերական նամակագրության մեջ էր մի շարք երկրների բարձրագույն գիտական հաստատությունների, այդ թվում՝ Հայաստանի ԳԱԱ-ի Մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի հետ: Վերջին այդպիսի նամակագրությունը բիոմիներալիզացիային ու էկստրեմոֆիլների գենոմների նոր սեկվենավորմանն էր վերաբերում: Ակադեմիայից ստացված հրավերն անմիջապես հաջորդեց այս թեմայով իր ուղարկած վերջին ինտերդիսցիպլինար վերլուծությանը, սակայն Եվան համոզված էր, որ մասնագիտական կարողություններից ու ստորգետնյա բիոտոպի հանդեպ ցուցաբերած հետաքրքրվածությունից զատ թեկնածուության ընտրությունը պայմանավորված էր նաև իր հայկական արմատներով: Թեման ուներ ոչ միայն գիտական, այլև ազգային ու պետական կարևորություն․ բնական է, որ նմանատիպ հետազոտական նախագիծը չէին վստահի ղեկավարել այլազգի գիտնականի: Մյուս երկու գիտնականների ընտրությունը թողնված էր իր հայեցողությանը, ինչն իրականում միայն հեշտացրեց խնդիրը․ ընտրությունն ակնհայտ էր. Լեա Ֆիշեր և Բյորն Սվենսոն: Առնվազն հիմարություն կլիներ բաց թողնել որպես թիմակից միաժամանակ և՛ իրենց ոլորտում հրաշալի մասնագետներ, և՛մտերիմ ընկերներ ունենալու հնարավորությունը: Լեան գեոմորֆոլոգ-բրածոյաբան էր, Բյորնը՝ քարանձավագետ:

Եվան, Լեան ու Բյորնը ծանոթացել էին միաժամանակ, երբ դեռ ուսանում էին ՄՏԻ-ի մագիստրատուրայում: Մտերմության ու փոխըմբռնման աստիճանը, որին հասել էին, հեշտ չէր տրվել: Հիմա, գրեթե վեց տարվա ընկերությունից հետո, երեքն էլ կդժվարանային ասել, թե որն է իրենց միավորող առաջնային գործոնը՝ գիտության նկատմամբ ֆանատիկ սերը, բազում ընդհանուր հետաքրքրություններն ու գործունեությունը, թե միասին հաղթահարած փորձությունները: Թերևս, այս բոլորի հանրագումարը, ինչն էլ իրենց եռյակին դարձնում էր յուրօրինակ գիտացերբեր, մաքուր գիտության եռգլխանի դև, երբեմն՝ կատաղի, նույնիսկ՝ միմյանց նկատմամբ, երբ բանը հասնում էր մեթոդաբանությանը, բայց միշտ՝ հեռատես ու օբյեկտիվ: 

ԳԱԱ-ի կողմից գիտնականներին տրամադրվել էր երկհարկանի սեփական տուն երկրի հարավում՝ Վայոց Ձորի մարզում գտնվող Եղեգնաձոր քաղաքում՝ Մոզրով քարանձավին մոտ, ինչն անհամեմատ հեշտացնում էր հետազոտության լոգիստիկան:

Փոքր ու հարմարավետ քաղաքի կենտրոնական մասում գտնվող իրենց կացարանը գեղեցիկ, ոչ շատ մեծ, նորակառույց տուն էր՝ ընդարձակ ծածկապատշգամբով ու չորս կողմից պտղատու այգով շրջապատված:

Չնայած Ակադեմիան հոգացել էր, որ գիտնականների տրամադրության տակ լինեն իր երևանյան գլխամասի կենսաբանական և քիմիական լաբորատորիաները, նախօրոք տեղափոխել ու տեղակայել էր նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումները տան առաջին հարկում գտնվող ընդարձակ լոֆթատիպ սրահում:

Խումբն այստեղ գտավ մի ողջ զինանոց՝ սպեկտրոֆոտոմետր, անձավի կառուցվածքն ուսումնասիրող ալեհավաքներ, ԳԴՀ-ԱՏՀ համակարգեր, լազերային սկաներներ, լաբորատոր նմուշառման գործիքներ, ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի հետազոտման համար ՊՇՌ սարքավորումներ, տարբեր տրամաչափի մանրադիտակներ, լուսասարքեր, սաղավարտներ ու լապտերներ:

Գիտնականներն, իրենց հերթին, նույնպես սպառազինված էին ժամանել․ յուրաքանչյուրը բերել էր իր սիրելի գործիքները, հրով և բոցով անցած լավագույն մարտական ընկերներին, առանց որոնց ոչ մի տևական էքսպեդիցիա լիարժեք չէր․ Եվան՝ իր էլեկտրոնային մանրադիտակները, նմուշառման համակարգերն ու որոշ լաբորատոր քիմիկատներ, Բյորնը՝ իր հետ մեկ մարմին ու հոգի դարձած սպելոդրոն-ԱԹՍ-ն ու LiDAR տեսաներածիչը, Լեան՝ բրածոների մոդելավորման եռաչափ տպիչներ, էնդոսկոպներ, գեոլոգիական մուրճեր ու ստորգետնյա ջերմաչափեր:

Երբ բերված գործիքները գումարվեցին իրենց տեղն արդեն զբաղեցրած սարքավորումներին՝ սրահը վերջնականապես փոխակերպվեց լաբորատորիայի:



______ Մաս 2. Մոզրով ______

Ճանապարհի հերթական ոլորանից հետո Եվան հանկարծ գիտակցեց, որ մեքենայում մենակ չէ: Տարօրինակ զգացողություն էր: Չէր հիշում՝ ինչպես էր նստել ղեկին, ինչպես էր միացրել շարժիչը, ուր էր գնում: Բայց մինչ այս պահը համոզված էր մի բանում՝ մեքենայում մենակ է: Հիմա համոզված էր հակառակում: Հետևի նստատեղից ակնհայտ լսում էր  ինչ-որ մեկի խորը շնչառությունը: Կամ գուցե ա՞յլ ձայն էր, որը նմանեցրեց շնչառության: Փորձեց պտտվել: Գամված էր նստատեղին: Փորձեց նայել ներքև՝ հասկանալու համար անշարժության պատճառը: Ապարդյուն: Մարմնի վրա չէր զգում շարժումը սահմանափակող որևէ բան: Ավելին, առհասարակ չէր զգում, որ մարմին ունի: 

Մեքենան արագացրեց ընթացքը, չնայած չէր սեղմել արագացուցիչի ոտնակը: Նայեց դիմացը, հետո՝ ղեկին: Ձեռքերն ամբողջովին անշարժ ընկած էին ծնկներին: Եվան բոլորովին չէր կառավարում մեքենան:

Ճանապարհն ամբողջովին ամայի էր, դիմացի պատուհանից այն կողմ միայն լեռներն էին՝ հսկայական, դարչնամանուշակագույն լեռները: Շուրջբոլորը վակուումային լռություն էր՝ չհաշված հետևից եկող շնչառություն հիշեցնող ձայնն ու Եվայի՝ մեքենայի ընթացքին համահունչ արագացող սրտի զարկերը: Նայեց արագաչափին: 220 կմ/ժ: Լեռները սկսեցին շարժվել: Համոզվելու համար, որ տեսածը արագության հետևանքով առաջացած տեսողական խաբկանք չէ՝ Զորթյանը մի քանի անգամ թարթեց աչքերը: Լեռները կենդանի էին: Չարագուշակ նրբագեղությամբ դրանք մեկ միահյուսվում, մեկ բաժանվում էին իրարից՝ ստեղծելով կապտավուն երանգով լուսարձակող երկար պարույրներ, որոնք ձգվում էին դեպի վեր՝ ողջ երկինքը հպատակեցնելու անկասելի մտադրությամբ: Եվան սարսափով նկատեց, որ պարույրներից մեկը, փակելով ողջ հորիզոնը, գալարաձև պտույտներով ձգվում է դեպի մեքենան․ դիմացն այլևս ճանապարհ չկար, լեռներն աստիճանաբար խժռում էին այն՝ դարձնելով իրենց նորագոյացող ելուստների բաղկացուցիչը․ ևս 100 մետր,  ու ինքը նույնպես, մեքենայի հետ մեկտեղ, կանէանա այդ ամենակուլ խառնարանում: Հետևի նստատեղից հնչող ձայնը կտրուկ ընդհատվեց․ սոսկ մեկ վայրկյան: Ահռելի ղդրդյունը, որ ծնվեց լեռներից, նույնպես կենդանի էր: Աստիճանաբար ուժեղանալով՝ այն վերածվեց շոշափելի սարսափի ու պայթեց Եվայի մարմնում՝ արձագանքելով բոլոր բջիջներում:Եվան ցնցվեց ու վեր թռավ թմբիրից: Բյորնի՝ իր կողմ շրջված մտահոգ դեմքն ու «Հեյ, ամեն ինչ կարգի՞ն է» հարցը վերջնականապես թոթափեցին տեսիլքը: Մեքենայում էին՝ Մոզրովի ճանապարհին: Ղեկին Բյորնն էր: Եվան նրան անձայն գլխով արեց ու ետ շրջվեց․ Լեան, ամբողջովին խորասուզված իր նոթբուքի մեջ, քթի տակ ինչ-որ մեղեդի էր մրմնջում:

Եղանակը հրաշալին էր՝ մայիսին ոչ հատուկ շոգը չհաշված: Կույտավոր ամպերով սփռված պարզ երկինքն ու աջ կողմից բացվող լեռնադաշտային բնապատկերներն ուղեկցում էին Եղեգնաձոր-Մոզրով ճանապարհի ողջ 16 կմ-ի ընթացքում: Մեքենայի ուղեցույցը հուշում էր, որ տեղում կլինեն մոտավորապես կես ժամից: 

Եվան պարբերաբար իջեցնում էր կողքի պատուհանն ու տեսագրում բնապատկերները՝ խախտելով մեքենայի ներսում օդորակչով պայմանավորված հաճելի զովը: Անմիջապես ճանապարհի եզրագծով վեր խոյացող ապառաժներից շատերը, ժայռափլուզումը կանխելու նպատակով, ծածկված էին մետաղյա ցանցահյուսվածքներով: «Ասես բնությանը զսպաշապիկ հագցրած լինեն»,- խորհում էր Բյորնը:

Մոզրով կոչվող համանուն գյուղից կածանատիպ ճանապարհը մեքենան հաղթահարեց հաջողությամբ․ քարանձավ տանող մնացած ճանապարհն անցնում էր կտրուկ սարալանջով ու խումբը՝ կայանելով ամենագնացն ու հագնելով ուսապարկերը՝ ուղին շարունակեց ոտքով: Ըստ ԳՏՀ-ի՝ ևս 400 մետր վերընթաց ու կլինեին նպատակակետում: Մինչ կմոտենային, մի քանի տեղ հանդիպեցին «Կողմնակի անձանց մուտքը ԽՍՏԻՎ արգելվում է» նախազգուշացմամբ, մի քանի լեզուներով գրված մեծ ցուցատախտակների:

Լեռնային մացառոտ բարձունքով առաջացան դեպի վեր: Քիչ անց առջևում նշմարվեց Մոզրովի մուտքը: Այն ծածկված էր սպիտակ, պողպատի ու ապակեպլաստի համադրությամբ գմբեթային շինվածքով, որն ամուր կողպված էր՝ դրսից ներս երկկողմ ապահովության համար: Գմբեթի կողքին  պահակակետն էր, որին մոտենալուն պես ընդառաջ եկան հսկիչներն ու սկսեցին հետաքրքրությամբ զննել գիտնականներին:

Բացառությամբ հայուհու՝ միջինից էապես բարձր հասակին և դիմագծերի ու կառուցվածքի ավելի շատ եվրոպական ձևը, Եվան իր կովկասյան սևահերությամբ ու բաց մոխրագույն աչքերով դեռ կարող էր տեղացու տեղ անցնել, իսկ այ իր ընկերներն ազգային երանգապնակից տարբերվում էին էապես․ Լեան, կարճ, բաց շիկահեր մազերով, դարչնականաչ աչքերով, բարեկազմ գերմանուհի էր, Բյորնը՝ մկանուտ, կապտաթույր աչքերով ու խարտյաշ, ասիմետրիկ մազերով, դաջվածապատ շվեդ: Եթե դրան գումարենք նաև երեքի՝ 30-նն անց տարիքն ու ոչ օրտոդոքսալ գիտնականի արտաքինը, հսկիչների հետաքրքությունն ավելի քան հասկանալի էր: 

Անցնելով  փաստաթղթերի մանրազնին ստուգմանը՝ հսկիչներերից մեկն ի վերջո բացեց գմբեթի մուտքն ու ի զարմանս խմբի՝ հրաշալի անգլերենով, առանց կողմնակի առոգանության հրավիրեց մտնել ներս՝ իրենց ետևից նորից կողպելով պողպատե փեղկը:

Անցնելով կամարաձև գմբեթի նախասրահով՝ խումբը մոտեցավ հաստ կրաքարի անմիջապես մեջտեղում բացվող խորխորատին: Հագան պաշտպանիչ սաղավարտներն ու ձեռնոցները, վառեցին լապտերները: Գլորվող խճաքարերից խուսանավելով՝ եռյակը հասավ անձավ տանող նեղ նախամուտքին ու ընկղմվեց 260 մետրանոց կարստային վիհը:

_____

-Զեկույցում նշված էր, որ անձավը հայտնաբերվել է 1970-ականներին, մոտակայքում նոր գյուղի հիմնադրման ժամանակ: Նույն Մոզրով գյուղի, որի կողքով անցանք: Ճանապարհ հարթելու նպատակով շինարարները պայթեցրել են մերձակա ժայռերի մի մասը՝ արդյունքում հայտնաբերելով բացվածք, որն էլ քարայրի մուտքն է եղել: Մինչ այդ այն եղել է լիարժեք փակ էկոհամակարգ,որոնցով հիմա էլ լիքն է ողջ լեռնաշղթան,- անձավում արձագանքեց Բյորնի ձայնը, ով, կռացած, շոյում էր մուտքի մոտ խոյացած սողունի գլուխ հիշեցնող կրաքարային ցցվածքը: Ապարի վրա ինչ-որ բան ուշադիր զննելով՝ նա շարունակեց․ 

-Քարանձավներն իրականում ավելի մեծ կարստային համակարգում ջրահավաք ավազանի մի մասն են ու միաժամանակ յուրօրինակ պահեստներ՝ ջրի, էներգիայի և հանքանյութերի շրջանառման համար: 

Շրջանցեցին առաջին սրահ տանող ընդարձակ թունելը․ դրա դիմաց ընկած հսկա ապառաժը ցույց տալով՝ Լեան պարզաբանեց․

-Փլուզումը տեղի է ունեցել համեմատաբար վերջերս, ու հիմա էլ անձավի տեկտոնական վիճակը բավականին անկայուն է, այնպես որ պետք է շարժվենք հնարավորինս զգույշ: Առաջանալուն զուգահեռ ուշադիր զննեք առաստաղի ժայռաբեկորները,-կարգադրեց նա:

Առաջին սրահն, իր ողջ բնակերտ գեղատեսիլությամբ, բացվեց գիտնականների առաջ: Վիթխարի ստալակտիտներն ու ստալագմիտները, անկանոն հելիկտիտներն ու փառահեղ գահավիժմամբ ժամանակի մեջ անշարժացրած հոսքաքարերը հիպնոսացնում ու տեղափոխում էին լրիվ այլ, մինչմարդկային ու նախագոյական եզերք՝ գիտակցության խորքերից արթնացնելով միաժամանակ սարսափելի ու հրաշագեղ արքետիպեր:

-Ահ, կարոտել էի այս լավքրաֆտյան մթնոլորտը,- Քթուլհուի շոշափուկներ հիշեցնող վիթխարի ստալագնատներով ու հոսքաքարերով զմայլված՝ շշնջաց Եվան:

-Այս Մեծն Հները նաև երգում են,-գեոլոգիական մուրճը Լեայի ձեռքից խլելով՝ Բյորնը մոտեցավ ստալագնատային համալիրներից ամենամեծին և զգուշորեն ու հերթականությամբ սկսեց հարվածել սյուներից յուրաքանչյուրին․ սրահը լցվեց կալցիտային հրաշքների զրնգուն մեղեդիով: - Ահա թե ինչու է այս դահլիճը կոչվում «երգեհոնային»: Առջևում ևս երեքն են:

-Բռռռռ,իսկ այստեղ սպասվածից ավելի ցուրտ է,-բաճկոնը մինչև վերջ կիպ կոճկելով նկատեց Լեան:- Բյորն, կփոխանցե՞ս ստորգետնյա ջերմաչափը:

Հենելով այն փոքրիկ սյունին՝ Լեան մի քանի րոպե ուշադիր հետևում էր սանդղակին:

-Եվ իսկապես: Չափիչը ցույց է տալիս 5°C: Չոր և բարեխառն կլիմայական գոտիներում կարստային քարանձավների միջին ջերմաստիճանը 10°C-15°C: Շեղումը կրկնակիից ավելի է: Թերևս սա է պատճառը, որ մինչ այժմ չհանդիպեցինք ոչ մի  տրոգլոբիտի կամ տրոգլոֆիլի: Պետք է վերցնել նմուշներ անձավի ավելի խորը շերտերից ու ստուգել միկրոօրգանիզմների ու բակտերիաների առկայությունը: Հմ, և այս երանգը․․․սովորաբար կարստային գունավորումը, կախված անձավում գերակշռող հանքանյութային բաղադրությունից, լինում է դեղնադարչնագույն-սպիտակ, իսկ այստեղ նկատվում է այս տարօրինակ երկնագույնը, -լապտերն ուղղելով սրահի գետնի, առաստաղի ու պատերի կրաքարային գոյացությունների վրա՝ Լեան մեկ առ մեկ զննում էր դրանք:

Մի քանի լայն ցատկով շրջանցելով հերթական քարալգելքը՝ նրան մոտեցավ Եվան:

- Ակադեմիայի մոնիթորինգի արձանագրած վերջին, մեկ ամիս առաջ անցկացված հետազոտությունն ի հայտ էր բերել միկրոկլիմայի փոփոխություններ ու կենսաբազմազանության կորուստ, սակայն ոչինչ նշված չէր բաղկացությունների քիմիական ու ֆիզիկական փոփոխության մասին․ սա համեմատաբար նոր ու շատ արագ զարգացող երևույթ է:

-Վերջապե՜ս, կարծում էի երբեք չեք նկատի,- սրահը լցվեց նրանց մոտեցող Բյորնի բարձր քրքիջով: -Հարգելիներս, ահա և մեր այստեղ լինելու գլխավոր մեղավորը: Ավելի մոտ ծանոթության համար խնդրում եմ համեցեք այստեղ,-ընդգծված թատերականությամբ Սվենսոնը Զորթյանին ու Ֆիշերին ուղղորդեց դեպի անձավախորշերից մեկը: Նա մատնացույց արեց խորշի անկյունում խոյացած ստալակտիտը․

-Տեսնո՞ւմ եք սյունի ներքևի հատվածի մոտ 10սմ ոլորապտույտ շերտավորումը․ սա առաջացել է կալցիտային հիմքի վրա, բայց ակնհայտորեն կալցիումի կարբոնատի նստվածքային շերտ չէ: Սովորաբար միներալային նստվածքն ավելանում է մոտավորապես 1 սմ հարյուր տարվա ընթացքում: Իսկ այս նոր գոյացությանը պահանջվել է շատ ավելի քիչ ժամանակ և այն շարունակում է ակտիվորեն աճել: Դեռ մուտքի մոտ կալցիտային նստվածքի վրա նկատեցի հազիվ երևացող երկնաթույր երակներ, բայց այնտեղ դրսից ներթափանցած լույսը խանգարում էր գունավորման ամբողջական դրսևորմանը: Առհասարակ, քարանձավների դեպքում ինչքան խորն, այնքան ավելի հրաշագեղ: Ինչպես ջրի տակ, լույսն ու ֆոտոսինթեզն այստեղ փոխարինվում են էներգիայի այլընտրանքային աղբյուր քեմոսինթեզով՝ ծնելով զարմանահրաշ ձևեր ու կառուցվածքներ: Բայց սա․․․ 

Բյորնը սկզբում մարեց իր լապտերը, հետո ձգվեց  ու նույնն արեց Լեայի ու Եվայի լապտերների հետ․ սպասվող կատարյալ մթության փոխարեն սրահը լցվեց սառը, առկայծող կապտավուն երանգով՝ լուսավորելով իր շուրջն ամեն ինչ՝ գիտնականների հիացմունքից սառած դեմքերն ու ամեն անկյունից խոյացող բնակերտ հրաշքներին: Կատարյալ լռության մեջ վայեյելով աստիճանաբար ավելի ուժգնացող առկայծումը՝ գիտնականները սթափվեցին ու միացրեցին լապտերները:

-Գույնը կարող է պայմանավորել որևէ հազվագյուտ հանքանյութ, որ ջրի հետ ներթափանցել է քարանձավ: Պղնձի կամ այլ մետաղների իոններ կարող են առաջացնել նմանատիպ կապտավուն երանգ, բայց այս վարկածը ստուգելու համար հարկավոր կլինի հետազոտել նաև վերգետնյա շերտերն ու հոսքային ակունքները: Բայց այ ինչպես բացատրել նման ուժգին լուսարձակումը․․․գուցե մետեորիտների հետ երկիր հասած դեռևս անհայտ միացություն՝ խառնվելով ջրին ու կրաքարին, ներթափանցել է անձավ՝ ծնելով այս նոր կալցիտային գոյացությո՞ւնը,-շշնջաց Լեան:

-Այլ կերպ ասած՝ էքզոկալցիտ,-ամփոփեց Բյորնը:

- Ակնհայտ է, որ այն չունի երկրային հոմոլոգիա՝ կենդանական, բուսական կամ սնկային։ Տպավորություն է, որ մորֆոլոգիան հիմնված է այլ կենսաքիմիական համակարգի վրա:

Դեռ որոշ ժամանակ էլ շարունակեցին զննումն ու կատարեցին անհրաժեշտ նմուշառումները՝ վերցնելով առկայծող ստալակտիտի, նստվածքների, հողի ու անձավի շերտերի օրինակները: Պետք էր շարժվել առաջ, դեպի մյուս սրահները: 

Առաջին սրահից երկրորդ էր տանում հերթական թունելը: Այն ավելի մոնումենտալ էր ոչ միայն իր տասը մետրանոց կրաքարերի ու նոր գոյացող, փոքրիկ ստալակտիտների համադրությամբ: Փառահեղ գեղեցկությունը լրացնում էին ողջ սրահով սփռված նույն անբացատրելի, կապտաթույր փայլ արձակող հելիկտիտային բյուրեղներն ու շատրվան հիշեցնող, համագույն փայլով պեծկլտացող վիթխարի ստալագմիտները: 

Հաջորդող միջանցիկ խորշերն ու անցքերը շատ նեղ էին ու ստիպված էին անցնել հերթով, միմյանց օգնելով ու զգուշորեն մանևրելով:

Այն, ինչ դժվար էր նկատել առաջին երկու սրահներում, մյուս երկուսում բաց թողնելն անհնար էր: Սրահները փայլատակում էին շլացնող երկնագույնով՝ պատերի ուռուցիկ երակներում կապույտ շողարձակմամբ: Կարծես երազում, ամբողջովին լուծված ոչերկրային գեղեցկությանը,  գիտնականները հաղթահարում էին բազմաշերտ սյուներն ու սողոսկում նեղ, ելուստապատ խորշերը: Լապտերների կարիք այլևս չկար․ հոսքաքարային մի ամբողջ հովիտ ու առասպելական կենդանիների ողնոսկր հիշեցնող բազմանիստ նստվածքներն անբռազբոս շողում էին՝ առաջացնելով պարեյդոլիկ տեսիլքներ ու ծնում նախապատմական հիշողություններ՝ կատարելապես վերացարկելով երկրային իրականությունից:

Եվան, շրջանցելով անձավախորշերից մեկը՝ կռացավ սնկանման փոքրիկ, կլոր գլխիկներով նորակերտ բյուրեղների կղզյակի առջև:

- Լեա, Բյորն, կմոտենա՞ք, խնդրում եմ,- քիչ անց սրահում տարածվեց նրա ձայնը:

-Գալիս ենք,- լսվեցին իրար հաջորդող բարակ ու բամբ արձագանքները:

Եվան մատնացույց արեց բյուրեղները․

-Ահա այստեղ, գագաթների կենտրոնում, տեսնո՞ւմ եք:- Չգիտեմ ինչն է ավելի արտասովոր՝ բյուրեղայնացումը, կուրացնող բիոլումինեսցենցիան, թե աճման անսովոր սիմետրիան, -հաստատեց Լեան:

-Նույնը, ինչ առաջին սրահի ստալագնատի դեպքում, միայն թե այստեղ․․․տեսա՞ք․․․  լուսարձակումն անընդհատ փոխվում է՝ երկնագույն, կապույտ, սպիտակ․․․ նկատո՞ւմ եք անսովոր  միկրոշարժերը․բյուրեղներն արձագանքում են՝ ամեն շարժ զգալով ու ապակոդավորելով գույնի ․․․մեկ րոպե․․․

Սվենսոնը կտրուկ հետ քաշվեց․ գլխիկներից սկսեցին դուրս գալ բիոլումինեսցենտ ելուններ, որոնք աստիճանաբար մեծանալով ու գունափոխվելով, ձգվում էին դեպի գիտնականները:

-Հե՛տ, արա՛գ,-բղավեց Բյորնը:

Լեան հասցրեց ժամանակին արձագանքել ու ցատկել դեպի հանդիպակաց խորշը․ Եվան, ով ամենամոտն էր կղզյակին ու ստորին լճակում փորձում էր նմուշառում անել, ձեռքից  վայր գցեց pH չափիչը․

- Այս գաղութատիպ համակարգը հաղորդակցվում է անսովոր ֆիզիկական ու քիմիական ազդակների միջոցով: Սա չի հիշեցնում ոչ մի երկրային բջջային կառուցվածք: Պետք է զննել գենետիկական նյութը, չեմ բացառում, որ այն ունենա լրիվ այլ բջջային շինարարական կոդ ու աշխատի ոչ ազոտային, ֆոսֆատային ու ռիբոզային հիմքով։ Ի՞նչ, եթե այն գործում է առանց չորս նուկլեոտիդների ու որպես էներգետիկ բլոկ չի օգտագործում միթոքոնդրիումներն ու ԱԹՖ-ն,-շշնջում էր նա՝ ակնդետ հետևելով ելունների գալարապարին, որոնք արդեն ամբողջությամբ պատել էին Զորթյանի մարմինը:

-Եվա, գժվե՞լ ես, հե՛տ արի,-սարսափահար գոռաց Լեան:

- Այն զննում է քարանձավ ներխուժած նոր կենսատեսակներին, այսինքն՝ մեզ,- նույնպես ձգվելով դեպի գալարվող ելունները՝ փոխված, ավելի ռնգային ձայնով մրմնջում էր Զորթյանը:

Հետևից լսվեց խլացնող խշշոց՝ փոխվելով մեխանիկական, համաչափ ինտերվալությամբ տրոփյունի: Բյորնը, ով այս ընթացքում հնարավորինս փորձում էր մոտենալ Եվային՝ գալարվող գրկից ազատելու համար՝ կտուկ ետ շրջվեց․ ողջ սրահը վխտում էր վիթխարի չղջիկների, սողունների, ձկների, միջատների ու մարդակերպ արարածների կապտասպիտակ ստվերներով, որոնք Սվենսոնը սկզբում հսկայական պրոյեկտորի գցած շողքերի նմանեցրեց: Պլատոնյան այս ցնորածին ստվերներից ազատվելու համար Բյորնը ջղաձիգ շարժումով տրորեց աչքերը: Ստվերներ չէին: Անձավը լիքն էր տրոգլոբիտների, տրոգլոֆիլների ու հոմինիդների ձևախեղված, ֆոսֆորափայլ նմանակներով, որոնք սողում, լողում ու սավառնում էին ողջ սրահով՝ ստեղծելով բոցավառ մրրիկ, ինչին արձագանքում էին կալցիտե բոլոր գոյացությունները՝ լուսարձակելով նույն կապտասպիտակ երանգը:-Էքզոկալցիտը վերարտադրում է անձավում երբևէ եղած բոլոր կենսատիպերը՝ դարձնելով իր մի մասն ու սնվում դրանցով․․․ Ե՛վա, Լե՛ա,- բղավեց Բյորնը: Արագոնիտե հսկա սյունը, որի առաջ պատսպարվել էր Սվենսոնը, արձագանքեց առաջինը: Սյունից դուրս եկող հսկա, բազմաթույր ելունները ձգվեցին դեպի նա ու նրբագեղ գալարումով պարուրեցին ողջ մարմինը: Լաթերգիկ անշարժության մեջ նա հասցրեց տեսնել Եվայի ու Լեայի կերպափոխված, կապտաթույր ստվերագծերը, որ դանդաղ ու անկռիշ սահելով՝ մոտենում էին իրեն: 

Բյորնի արձակած զարհուրելի գոռոցը վերջին մարդածին ձայնն էր, որ արձագանքեց քարանձավի պատերում:


127 views0 comments

Comments


bottom of page