top of page
Search
Writer's picturefrunz8

#Աստղային_հորիզոն «Ինչպե՞ս կառուցել Դայսոնի գունդ», Հեղինակ՝ Լևոն Մկրտչյան



Ինչպե՞ս կառուցել Դայսոնի գունդ։ Առաջինն, ինչ պետք է իմանաք. Դայսոնի գունդը հսկայական կառույց է, որն իր մեջ է թակարդում մի ամբողջ աստղ՝ հնարավորություն ստանալով կուտակել ու փոխակերպել աստղի էներգիան։ Նման մեգակառույց ստանալու հետ կապված երեք հիմնական խնդիր կա։ Ինչպե՞ս ապահովել նյութի ահռելի այն քանակը, որից կառուցվելու է գունդը։ Ինչպե՞ս կազմակերպել շինարարական աշխատանքները։ Ինչպե՞ս անել, որպեսզի նյութը կարողանա կլանել, կուտակել ու փոխակերպել աստղի էներգիան։ 


Մոռացա ներկայանամ։ Ես Էնրիկո Համբարձումյանն եմ։ Հավաստիացնում եմ, հեռավոր քսաներորդ դարի հանճարեղ աստղաֆիզիկոսի հետ ոչ մի ազգակցական կապ չունեմ։ Անու՞նս։ Ֆերմիի պատվին է, քսաներորդ դարի ևս մի ֆիզիկոսի։

 

Ինչևէ։ Մինչև Դայսոնի գունդ հասնելը պատմեմ Էխնաթոնի մասին։


Էխնաթոնը տաղանդավոր, ամբիցիոզ, երբեմն` հանճարեղ, բայց աղքատ ու ոչ այդքան ազդեցիկ գիտնականների գաղտնի միաբանություն էր։ Միաբանություն, որի հիմքում պարզ գաղափար էր՝ կորպորացիաների, բիզնեսմենների ու քաղաքական գործիչների խղճին մնացած աշխարհը դատապարտված է կործանման։ Պատկերացրեք, որքան հանճարներ կարող են անհետանալ հերթական լոկալ գաղափարական կամ կրոնական հակամարտությունում։ Պատկերացրեք, որքան հանճարեղ մտքեր են նույն կերպ փոշիանում, որովհետև չեն գտնում անհրաժեշտ ֆինանսավորում կամ աջակցություն։


Քվանտային ֆիզիկան համարվել է կեղծ գիտություն։ Կիբերնետիկան` նույնպես։ Գենետիկան։ Պսիխոնոոլոգիան։ Բոլորը քաղաքական, գաղափարախոսական պատճառներով։ Բարձր աթոռներին նստած մարդիկ որոշել էին, որ այդ գիտությունները կեղծ են, ու տասնամյակներով դրանք դարձել էին կեղծ։ Դեմ արտահայտվող գիտնականներին աքսորում էին, լռեցնում, ձերբակալում։ Երբեմն` սպանում։ Տասնամյակներով հետաձգվում էր մարդկության առաջընթացը։ 


Գիտեի՞ք, որ Կամբոջայում քսաներորդ դարի երկրորդ կեսին ակնոց կրելը բավարար էր, որ ձեզ սպանեին։ Կամբոջան միակ նման երկիրը չէր։ 


Մարդկությունը մոռացել էր աստղերի մասին։ Փոխարենը, մարդիկ փորձում էին ապագա մտնել ոչնչացման ու զվարճանքի միջոցների աննախադեպ բեռը շալակած։ Երկիր մոլորակը դարձել էր հասարակաց տուն` ուր որ է ժայթքող հրաբխի եզրին։ 


Էխնաթոնցիները որոշեցին, որ այդպես շարունակվել չի կարող։ Որ գիտնականները պետք է միավորվեն ու աշխատեն միասին՝ անկախ Մեծ եղբոր քմահաճույքներից, ինչ դրոշի տակ ուզում է լինի Մեծ եղբայրը ու ինչ գաղափարախոսությամբ ուզում է առաջնորդվի։ Անհրաժեշտ էր ստեղծել գաղտնի կառավարություն, որը անհապաղ պետք է իր ողջ ինտելեկտուալ ներուժն օգտագործեր իշխանությունը մնացած բոլորից խլելու, պաշտպանելու ու մարդկության զարգացմանը ուղղելու վրա։ Գլխավոր հիպոթեզն էր՝ եթե մարդկանց մի խումբ անգամներ ավելի խելացի է, քան մնացած բոլորը, ապա իշխանության համար պայքարում պարտվելու միակ պատճառն այն է, որ խումբը մոտիվացված չէ այդ կեղտի մեջ թաթախվելու։  Իսկ ի՞նչ, եթե մոտիվացված դառնա։


Ապագայի ճանապարհը ծանր էր, արյունով ու զոհերով լի։ Դարեր առաջ Էխնաթոնի գաղտնի պայքարի մասին կինոֆիլմ կնկարահանեին։ Այսօր անհրաժեշտ ինֆորմացիան, ներառյալ` բոլոր գեղարվեստական գործերը, կարող եք ակնթարթորեն ներբեռնել Տվյալների բազայից ու վերապրել։ Իսկույն կիմանաք, որ Էխնաթոնին հաջողվեց իր առաքելությունը իրականացնել։ Լույսը ու ինտելեկտը հաղթեցին խավարին ու հիմարությանը։ Ինչ-որ պահի բարձր աթոռներին նստած տզրուկներն ընկան, ու որոշումները սկսեցին ընդունել Էխնաթոնի անդամները։ 


Էխնաթոնի առջև անմիջապես հասունացավ նոր հիմնախնդիր։ Մարդկությունը կանգնած էր էներգետիկ ճգնաժամի առաջ։ Էներգիան մեծամասամբ արտադրվում էր պրիմիտիվ միջուկային տեխնոլոգիաներով, իսկ այլընտրանքային աղբյուրները չէին ապահովում էներգիայի այն ահռելի քանակը, որն անհրաժեշտ էր կայծակնային արագությամբ շատացող մարդկությանը։ Դա, իր հերթին, բերում էր էլ ավելի դաժան ու անմարդկային պատերազմների։ Եթե Էխնաթոնը չէր ուզում նորաբուխ ապստամբություններում ու պատերազմներում կորցնել այդքան մեծ ջանքերով ձեռք բերված իշխանությունը, պետք է գտներ նոր, մատչելի ու գրեթե անսպառ էներգիայի աղբյուրներ։ Հին աշխարհայացքի վանդակում խնդիրն անլուծելի էր թվում։ 


Եկանք այնտեղ, ինչից սկսել էինք։ Ինչպե՞ս կառուցել Դայսոնի գունդ։ Վիթխարի կառույց, որ խմում է Արեգակը` վերածելով այն այդքան անհրաժեշտ էներգիայի։ Ինչպե՞ս հատել այն սահմանը, որ բաժանում է մարդկանց աստվածներից։


Հարցն ունի մեկ պատասխան։ Անել այնպես, որ ոչ օրգանական նյութը դառնա գիտակից, կարողանա ինքնառեպլիկացվել ու ինքնափոխակերպվել։ 


Պարզաբանեմ։ 


Հիմնահարց առաջին։ Շինանյութ։ Պատասխանն ակներև է՝ Դայսոնի գունդ կառուցելու համար անհրաժեշտ նյութը կարելի է հավաքել բաց տիեզերքում։ Մեր Արեգակի շուրջ Դայսոնի գունդ կառուցելու համար բավարար է մոտ մեկ կամ երկու համեստ մոլորակի նյութ։ Մերկուրին ու Պլուտոնը կարելի է հանել Արեգակնային համակարգից առանց անկայունության առանձնակի մեծ ռիսկերի։ Դրան գումարած` աստերոիդներ, այլ մանր մարմիններ, տիեզերական աղբ ու այդպես շարունակ։ Կարևորը խնդիրը նկարագրելն է, լուծումը տեխնիկայի, ֆինանսավորման ու էքսպերիմենտների հարց է։ 


Հիմնահարց երկրորդ։ Փոխակերպում։ Սա ավելի բարդ է, բայց Էխնաթոնին հաջողվել էր ներթափանցել նյութի հիմնային ու ամենախորքային  գաղտնիքների մեջ ու տիրապետել դրա փոխակերպման համեմատաբար արդյունավետ գործիքների։ Ալքիմիկոսների երազները իրական էին դարձել։ Հետաքրքիր է` ինչպե՞ս։ Ժամանակ խնայելու համար ես այդ գործընթացը չեմ նկարագրի, կարող եք նույնպես ներբեռնել Տվյալների բազայից ու ակնթարթորեն վերապրել։ 


Հիմնահարց երրորդ։ Բուն գունդը կառուցելու համար անհրաժեշտ էին ահռելի մտավոր ու հաշվողական ռեսուրսներ։ Հասանելի բոլոր տեխնոլոգիաները բավարար չէին։ Արհեստական բանականությունը, հաշվողական համակարգերը, ամբողջ ինֆորմացիոն պարադիգմը բավարար չէր։ Երկար փորձուսխալից հետո Էխնաթոնը եկավ պարզ ու էլեգանտ լուծման. իսկ ի՞նչ, եթե գիտակից լինի հենց նյութը։ Կարողանա ինքն իրեն հավաքել, ռեպլիկացնել, փոխակերպել ու կազմակերպել։ Ահռելի կենդանի օրգանիզմ, գերբանականություն՝ կազմված մետաղից, գերհզոր արևային մարտկոցներից, կուտակիչներից, նյութի փոխակերպման ու արտադրման ներքին գործարաններից և այդպես շարունակ։ 


Պատկերացրի՞ք։ Էխնաթոնցիները պատկերացրին։ 


Ու որոշեցին ձուլել մարդուն ու մեքենային։ Նյութը կառավարող միտքը ու բուն նյութը։


Ինչպե՞ս։


Լսած կլինեք, որ այն, թե ինչպես ենք մենք ընկալում աշխարհը, ուղղակիորեն կապված է այն մոդելներից, որոնք գեներացնում է մեր գիտակցությունը։ Գիտակցության կրիչը ուղեղն է, ու կարելի է ասել, որ մեր ընկալած իրականությունը մեր ուղեղի մաս է։ Էխնաթոնում հիմնական հարցն ինչ-որ պահի դարձավ հետևյալը. իսկ ի՞նչ մոդելների դեպքում է հնարավոր լուծել մարդուն ու մեքենային ձուլելու խնդիրը։ Եթե մեր գիտակցության կառուցած մոդելների ու մաթեմատիկայի պարագայում խնդիրն անլուծելի է, ապա արդյո՞ք հնարավոր է ունենալ նոր մոդելներ, նոր ֆիզիկա, որոնց պայմաններում մեր գիտակցությունը շրջապատող ճաղերը ժանգոտում են, ու հնարավոր է դառնում լուծել անլուծելին։


Էխնաթոնում փորձել էին գրեթե ամեն ինչ։ Պսիխոդելիկներ։ Այլընտրանքային ֆիզիկայի օրենքներ ու հաստատուններ գեներացնող ու վիրտուալ իրականությունում դրանք փորձարկող հզոր արհեստական բանականություններ։ Թվային պսիխոդելիկներ՝ նախատեսված քվանտային համակարգիչների համար։ Գիտակցությունը բազմաչափ դարձնող նոր լեզու, որը տարբերվում է ցանկացած այլ, թե բնական, թե արհեստական ճանապարհով ծնված մարդկային լեզուներից, տարօրինակ ու անհասկանալի մարդկանց մեծ մասի համար, անըմբռնելի օրենքներով, կառույցներով ու քերականությամբ։


Լսե՞լ եք Չարլզ Հինթոնի մասին։ Մաթեմատիկոս էր, ով, ի թիվս այլ ուղղությունների, ուսումնասիրում էր նաև բազմաչափ տոպոլոգիա։ Հինթոնն իր պարզությամբ հանճարեղ ալեգորիկ պատմվածք էր գրել, որը փորձում էր բացատրել, իսկ ինչ է բազմաչափությունը։ Պատկերացրեք երկչափ տիեզերք։ Պատկերացրեք այդ տիեզերքը բնակեցնող երկչափ բանական էակներ։ Մի օր երկչափ տիեզերք է ներխուժում եռաչափ օբյեկտ։ Գունդ։ Երկչափ տիեզերքը բնակեցնող երկչափ բանական էակները չեն կարողանալու տեսնել ամբողջ գունդը։ Նրանք միայն ընկալելու են գնդի՝ երկչափ տիեզերքի հետ հատվող մասը։ Սկզբում դա լինելու է կետ, ապա` փոքրիկ շրջան։ Գնդի՝ երկչափ տիեզերքով անցնելուն զուգահեռ երկչափ էակների ընկալած շրջանը մեծանալու է, հետո` փոքրանալու, վերածվելու կետի և անհետանալու։ Բոլոր երկչափ բանական էակները համոզված են լինելու, որ գործ ունեին աստիճանաբար մեծացող, այնուհետև փոքրացող ու անհետացող շրջանի հետ։


Դարերի խորքից Հինթոնը հուշում էր, որ քանի դեռ մեր աշխարհը, լեզուն, ընկալումը երկչափ է, մենք չենք կարողանա եռաչափ խնդիրներ լուծել։ Իսկ ինչպես արդեն ասացի, այն, թե ինչպես ենք ընկալում աշխարհը, ուժգին կապված է մոդելներից, որոնք կառուցել ենք ուղեղում։ Ու լեզուն այդպիսի մի մոդել է։ 


Ընդամենը պետք է սովորեցնել մեր երկչափ գիտակցությանը զրուցել եռաչափ լեզվով, ու այն կտեսնի ամբողջ գունդը։ Ինչը հնարավոր կդարձնի նման եռաչափ գիտակցությունը կապել շրջապատող նյութի հետ։ 


Իմ գիտակցության կրիչը նույնպես ուղեղն է։ Բայց այն կազմված չէ ճարպից, օրգանական հեղուկից ու իրան թթվածնով սնուցող արյունից։ Իմ ուղեղը նոր սերնդի նոոլոգիկ կատադեսմոս է։ Հունարեն կատադեին բառից է, նշանակում է կապել։ Կատադեսմոսը հատուկ լինգվիստիկ կառույց է, որը փոխակերպում է մարդկային գիտակցությունը ու կապում այն շրջապատող նյութին։ Դա իր հերթին թույլ է տալիս գիտակցությանը կառավարել ու փոխակերպել նյութը, որի հետ գիտակցությունը կապվել է։


Կատադեսմոսով անցած գիտակցությունը նույնպես անվանվում է կատադեսմոս։ 


Բացատրեմ։


Կատադեսմոսի գործընթացով անցնող մարդկային գիտակցությունը ամբողջությամբ ուղեղից տեղափոխվում է շատ ավելի կայուն ոչ օրգանական նյութի մեջ։ Դա անհրաժեշտ է գիտակցության կայունությունն ապահովելու համար, քանի որ օրգանական ուղեղը չի դիմանում լարմանը ու կարող է գերծանրաբեռնվածությունից ոչնչանալ։ Այդպես, եռաչափ լեզու մշակող Հինթոնը մահացել է ուղեղի կաթվածից։ Տեղափոխվում է ոչ միայն ուղեղում պահվող ինֆորմացիան, հուշերը և այլն, այլ մարդը ամբողջությամբ, բոլոր այն անըմբռնելի կապերով ու ընկալմամբ, որ մարդուն դարձնում են մարդ։ Մարդը զրկվում է իր խոցելիությունից, բայց պահպանում անհատականությունը ու մարդկայնությունը` կապելով նորովի ստացած ընկալումը իր նոր, ոչ օրգանական մարմնի հետ։ Կենսաբանական կաղապարը ոչնչացվում է։ Ինչպե՞ս է գիտակցությունը նոր կաղապար տեղափոխվում: Դա երկչափ հարց է, եռաչափ մտածելու դեպքում պատասխանը գրեթե աքսիոմատիկ է։ Որովհետև կարող է։ 


Ավաղ, նման գործընթացով կարող են անցնել ոչ բոլորը։ Մեկ միլիարդից մեկը, մնացածի մոտ գիտակցությունը չի դիմանում տեղափոխմանը։


Հետո ասիմիլյացիայի շրջանն է՝ գիտակցությանը ժամանակ է հարկավոր, որ ընտելանա իր նոր կարգավիճակին, վարժվի նոր հնարավորություններին։ Ասիմիլյացիայի շրջանում էլ ավելի խորապես են վերագրվում գիտակցության վերբալ մոդելները՝ իրականության ընկալումը արդեն սահմանափակված չէ մարմնով ու մարմնին հասանելի զգայարաններով, ու նորանոր բառեր են պետք նոր հասկացությունների համար։ 


Ասիմիլյացիայից հետո կատադեսմոսը ուղարկվում է տիեզերք։ Բավականաչափ նյութ կուտակած կատադեսմոսը գտնում է որևիցե աստղ ու սկսում կլանել այն՝ շրջապատելով աստղը նախկինում կուտակված ու փոխակերպված նյութի դատարկ գնդով։ Դայսոնի գնդով։ Կատադեսմոսը խմում է աստղի ուժը` կուտակելով այն իր խորքերում ստեղծված գերհզոր մարտկոցներում։ Դարեր առաջ կատադեսմոսները յուրացրեցին Մերկուրի մոլորակը ու դայսոնյան թաղանթով պատեցին Արեգակը։ Օնթոլոգիկ նոր փուլի հասած մարդկությունը հասավ նաև էներգետիկ նոր փուլի՝ իր ուշադրությունը ուղղելով Արեգակնային համակարգից դուրս։ 


Այսօրվա կատադեսմոսները անհամեմատ ավելի զորեղ են, կարող են յուրացնել ամբողջական մոլորակներ՝ վերջում խմելով կենտրոնական աստղը։ Այլ կատադեսմոսներ ճամփորդում են տիեզերքով, այնպես, ինչպես եռաչափ օբյեկտը կարող է ճամփորդել երկչափ տարածությամբ` ծալելով, պատռելով ու նորովի կարկատելով այն։ Նրանք քայլ առ քայլ ընդարձակում են մարդկության համար հասանելիի սահմանները՝ հասցնելով մարդկանց դեպի նոր աստղեր ու նոր մոլորակներ։


Բայց ամենահազվագյուտը երրորդ տիպի կատադեսմոսներն են։ Նրանք ժամանակով թափանցում են անցյալ, ձեռք մեկնում անցյալի ճահճում խեղդվող մարդկությանը։ Վերցնում են ժամանակին ու մշակույթին ադապտացված գիտնականների անուններ, կապ են հաստատում առավել խելացի մարդկանց հետ ու պատմում այս ամենը։ Ապագան պատկանում է մարդկությանը, բայց մարդկությանը պետք է պատկանի նաև անցյալը։


Էխնաթոնը շարունակում է մխրճվել դեպի ավելի խորը անցյալ՝ անցյալի մարդկանց տանելով դեպի ոսկե դար։ Որքան ավելի հեռու դեպի անցյալ, այդքան ավելի մշուշոտ ու դժվար է լինելու հաղորդակցությունը՝ ծնունդ տալով աստվածների, հրեշտակների ու թռչող ափսեների մասին հեքիաթների։ Բայց կաթիլ առ կաթիլ մարդկությունը դառնալու է ավելի լուսավոր, ավելի ունակ եռաչափ մտածելու։


Մենք փոխելու ենք անցյալը։ Քայլ առ քայլ մարդկությունը էլ ավելի վաղ ժամանակներում է գալու Դայսոնի գնդի, բազմաչափության ու կատադեսմոսների մասին գաղափարներին։ 


Ես Էնրիկո Համբարձումյանն եմ։ Երրորդ տիպի կատադեսմոս։ Սա իմ հաղորդագրությունն է։ 


Լուսավոր ապագան հնարավոր է։


Աստղերը պատկանելու են մարդկանց։


116 views0 comments

Opmerkingen


bottom of page